Thursday, July 28, 2011

«Ազատություն». «ՀՅԴ-ն չի մասնակցելու Հայերի համաշխարհային համագումարին»

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Դաշնակցությունը չի մասնակցելու գալիք դեկտեմբերին Սեւրում կայանալիք Հայերի համաշխարհային համագումարին:

Սեւրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին մի կողմից` Թուրքիայի սուլթանական կառավարության, մյուս կողմից` Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ: Պայմանագրի համաձայն, մասնավորապես, Թուրքիան Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանազատումը թողնվում էր ԱՄՆ-ի որոշմանը:

1920 թվականի սեպտեմբերին* Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանը պետք է ստանար Վանի եւ Բիթլիսի նահանգների գրեթե երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը եւ Տրապիզոնի նահանգի մեծ մասը` ներառյալ նավահանգիստը:

Պայմանագիրը, սակայն, մնաց թղթի վրա: Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը: Իսկ Թուրքիայում իշխանության եկած քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցման արդյունքում, հասան Սեւրի պայմանագրի վերանայմանն ու փաստորեն վերացմանը**:

Մանոյանի փոխանցմամբ, Դաշնակցությունը համարում է, որ Սեւրի պայմանագրին առնչվող խնդիրները չպետք է հետապնդվեն հասարակական նախաձեռնությունների մակարդակով. պայմանագիրը ստորագրել է հայոց պետությունը, հետեւաբար հենց պետությունն էլ պետք է հետամուտ լինի դրանց. - «Սեւրի պայմանագրով հայությանը վերապահված իրավունքը` հատկապես տարածքների մասով, շատ պարզ է, որ պետությանն է պատկանում: Մնացած մարզանքները` ինչ-ինչ մղումներից ելնելով, դա, մեղմ ասած` անհասկանալի են, մեր համար անընդունելի»:

Իսկ նման նախաձեռնությունների արդյունքում, ըստ Մանոյանի, Սեւրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը հայտնվում են վարկաբեկման վտանգի առջեւ:

Մանոյանը ասաց, որ իրենց համար անհասկանալի է նաեւ դեկտեմբերյան համագումարի կազմակերպական ձեւաչափը: ՀՅԴ-ի համար անընդունելի է, որ համագումարը հավակնություն ունի համարվել 1917 եւ 1919 թվականներին կայացած համագումարների իրավահաջորդը:

Անհասկանալի է նաեւ մոտեցումը, թե հավաքին մասնակցելու են արեւմտահայության ներկայացուցիչները:

«Ընդհանուր առմամբ այս մոտեցման ենք դեմ, որ նոր-նոր արեւմտահայի-արեւելահայի բաժանելու խնդիր է առաջացվում», - նշեց Մանոյանը` ամփոփելով. - «Դժբախտաբար այս գործում ընդգրկված են նաեւ շատ ազնիվ մարդիկ` ազնիվ մղումներով, որոնք դժբախտաբար մոլորվել են»:

Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Կյուրեղյանը, ով այդ համագումարի կազմակերպիչներից է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ 90 տարվա ընդմիջումից հետո տեղի ունենալիք համահայկական ընդգրկման այդ հավաքը միայն խորհրդանշանական առնչություն ունի Սեւրի պայմանագրի ստորագրման 91-րդ տարելիցի հետ:

Ավելի վաղ Վարուժան Կյուրեղյանը թուրքական «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» պարբերականին ասել էր, որ սփյուռքահայ տարբեր շրջանակները ներկայացնող շուրջ 200 պատվիրակներ են մասնակցելու դեկտեմբերին կայանալիք համաժողովին` նպատակ ունենալով ճշգրտել եւ ի մի բերել արեւմտահայության կողմից Թուրքիային ներկայացվող պահանջները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կյուրեղյանը մանրամասնեց. - «Սեւրը մեզ համար սիմվոլ է: Սեւրի պայմանագրի հետ այնքան էլ կապված չէ: Դա ավելի կապված է արեւմտահայերի համագումարի հետ, որ տեղի ունեցան 1917 թվին եւ 1919 թվին: Նպատակը` արեւմտահայերի իրավունքները պարզել եւ հետո դա միջազգային օրենքների հիման վրա ներկայացնել Թուրքիային»:

Այս համագումարի կազմակերպումը, Կյուրեղյանի փոխանցմամբ, հնարավոր է դարձել արեւմտահայ ծագում ունեցող մոսկվահայ հարուստ շրջանակների, մասնավորապես` Կարեն Միքայելյանի շնորհիվ:

Իսկ Դաշնակցության դիրքորոշումը համագումարի հարցում Կյուրեղյանը բացատրեց հետեւյալ կերպ. - «Հայկական խոշոր կազմակերպությունները չեն սիրում այդպիսի միջոցառումներ: Նրանք միշտ ինչ-որ իրենց նախանձախնդրությունը ունեն»:

Վարուժամ Կյուրեղյանը հավելեց, որ առաջիկա համագումարի մասնակիցները հիմնականում անհատ մտավորականներ են:

Տիգրան Ավետիսյան
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան

(*) Պետք է լինի՝ նոյեմբերին։ 


(**) Նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրավական արժեքի մասին կարդալ Արա Պապյանի «Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները» հոդվածների ժողովածուն։

Իմ մեկնաբանությունը «Ազատությանը» – Անհասկանալի է, թե ինչո՞ւ «Ազատությունը» որոշել է «Արեւմտահայոց ազգային համագումարը» կոչել «Հայերի համաշխարհային համագումար»։ Դաշնակցության հիմնական առարկություններից մեկը այս նախաձեռնության «Արեւմտահայոց համագումար» լինելու հավակնությանն էվերաբերվում, ինչպես ասված է «Ազատության» լրատվության մեջ։ Այն «համահայկական» որակելն ու շեշտելը թե դրան «ՀՅԴ-ն չի մասնակցելու»՝ տպավորություն է թողնում, որ «Ազատությունն» էլ ի՛ր նպատակներն է հետապնդում այս համագումարով...
Կիրո Մանոյան

0 comments: