Մանոյանը հիշեցրեց, որ այլ կրոնական համայնքերին կարգավիճակ տալու հարց Վրաստանում բարձրացվել է Շվարդնաձեի նախագահության օրոք, սակայն այն ժամանակվա ընդդիմությունը թույլ չտվեց, որ նախագիծը օրենքի ուժ ստանա:
«Օրենքի որդեգրումը կատարվեց` հակառակ եկեղեցու և կարծեմ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների: Ողջունելի է որպես սկիզբ, բայց կիրառման մասը պետք է նայել»,-ասաց դաշնակցական գործիչը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ վրացական կողմը երբեք իր եկեղեցիների համար որևէ կարգավիճակ Հայաստանից չի պահանջել ու մինչև անգամ չեն էլ իմացել, որ Հայաստանում նման օրենք արդեն գործում է:
Նա օրենքի որդեգրումը համարեց երկու երկրների իշխանությունների սերտ հարաբերությունների արտահայտություն, որոնք «դժբախտաբար տեղի են ի հեճուկս Ջավախքի: Սա էլ արդեն անհասկանելի է»:
Հայաստանի իշխանությունները չեն համաձայնի այն սկզբունքներին, որտեղ ԼՂ կարգավիճակի հարցը հստակեցված չէ
Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն այն սկզբունքներին, որտեղ ԼՂ կարգավիճակի հարցը հստակեցված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն որևէ սկզբունքների, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ճիշտ ու հստակ ձևակերպված չէ»,-ասաց նա:
Քաղաքական այս գործչի համոզմամբ, կարգավորման գործընթացում դրական արդյունքների հասնելուն խոչընդոտում է Ադրբեջանի որդեգրած կեցվածքը:
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հաշվի առնելով, հիմք չկա լավատեսություն հայտնել, քանի որ նա շարունակում է պնդել այն, ինչ մինչ այժմ ասել է` այսինքն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կարող է կիրառվել ընդամենը Ադրբեջանի սահմաններում և դրանից ավելին իրենց համար անընդունելի է»,-ասաց Կ. Մանոյանը, ապա ավելացրեց, որ մինչև այս կեցվածքը չփոխվի, սկզբունքների շուրջ որևէ համաձայնություն չի կնքվի:
Մեդվեդևի ուղերձը, կարծես, կողմերին այնքան էլ չի բավարարում
Կազանի հանդիպումից հետո Ռուսաստանը փորձում է մյուս համանախագահողների անունից գտնել ինչ-որ ելք: Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա զարգացումների մասին, ասաց ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա տեսակետ հայտնեց, որ ՌԴ նախագահ Մեդվեդևի ուղերձը, որը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախ բերեց Երևան, ապա տարավ Բաքու, կողմերին այնքան էլ չի բավարարում, «որովհետև երկու կողմերն էլ փաստորեն չեն շտապել դրական արձագանքել այդ ուղերձին, բայց ադրբեջանական կողմը փորձեց խաղաթյուրել կատարվածը և անդրադարձավ 2009-ի վերջին ներկայացված ինչ-որ տարբերակի»:
Անդրադառնալով համանախագահող երկրների ցուցաբերած աննախադեպ ակտիվությանը, Մանոյանը արձանագրեց, որ շտապում են բոլորը, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հստակ ասեց դրա մասին` շտապում են, որ մինչև այս տարեվերջ, այսինքն մինչև Հայաստանի ընտրական տարի մտնելը, առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունը գոյացնել, «որովհետև սրանից հետո իսկապես երկար բանակցություններ են սպասվում խաղաղության մեծ պայմանագիրը մշակելու համար, որտեղ րոպեով, սանտիմետրով, կետ-ստորակետրով պետք է ամեն ինչ հստակեցված լինի, դա իսկապես կարող է տարիներ տևել»:
«Պայմանավորվածություն, կարծես թե կա միջնորդների միջև, որպեսզի փորձեն հասնել դրան, բայց կողմերի վրա ճնշման լծակներն այնքան էլ մեծ չեն, և նրանց այս ակտիվությունն է հիմնական այն միջոցը, որը նրանք ուզում են օգտագործել»,-ասաց նա:
Պատերազմ կարող է սկսվել միայն երկու դեպքում
Պատերազմի սկսման հավանականությունը մեծ չէ: Ի պատասխան Միջազգային ճգնաժամային խմբի զգուշացմանը, թե ԼՂ հարցում համաձայնության չգալու դեպքում պատերազմ կսկսվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ նրա, դա մեծ տերությունների կողմից ֆինանսավորվող ու երբեմն էլ նրանց շահերը սպասարկող կազմակերպություն է, իսկ այդ զեկույցն էլ պետք է ընդունել որպես հակամարտող կողմերի վրա ճնշման փորձ:
Մանոյանի խոսքով, պատերազմի վերսկսումը ոչ միջնորդների, ոչ էլ տարածաշրջանի համար շահեկան չէ, իսկ պատերազմ կարող է սկսել միայն երկու դեպքում` երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սկսվեր` առանց ադրբեջանական շահերը հաշվի առնելու, և երկրորդ` եթե Ադրբեջանը վստահ լինի, որ ինքը կհաղթի:
«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը ավելի շատ խոսում էր ավելի համբերատար լուծումի մասին, ինքն ասում է, որ 5-10 տարի հետո մենք կլինեն 11 մլն, Հայաստանը կլինի մեկ մլն…: Պարզ է, որ ինչքան էլ հոխորտա Ադրբեջանը, պատերազմը շատ ավելի արագ ու անմիջական կսպառնա Ադրբեջանի շահերին, որովհետև ի վերջո նավթը խաղաղություն է սիրում, բայց ամեն դեպքում չպետք է բացառել պատերազմը»,-ասաց բանախոսը, ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից ռազամատենչ հայտարարությունները, հրադադարի ռեժիմի խախտումները մի օր էլ կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենան:
Panorama.am
0 comments:
Post a Comment