Friday, July 15, 2011

Կրոնական կազմակերպությունների մասին օրենքի ընդունումը Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների սերտ հարաբերությունների արտահայտությունն է

ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տրամադրելու օրենքի ընդունումը Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների սերտ հարաբերությունների արտահայտությունն է. [այդ հարաբերությունները սերտանում են ի հեճուկս Ջաւախքի, բայց դա արդեն այլ խնդիր է]: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը' շեշտելով, որ այդ որոշումը դրական քայլի սկիզբ է: «Ասում եմ սկիզբ է, քանի որ ամենակարեւորն այս օրենքի կիրառումն է, որպեսզի տեսնենք այն գործնականում»,– ասաց Կ.Մանոյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահը փորձեց Ամենայն հայոց կաթողիկոսի կատարած այցի ընթացքում նրան տված խոստումը գործի դնել եւ անմիջապես անցնել օրենքի ընդունմանը: Նա դա արեց հակառակ այն մեծ ճնշումների, որ գործադրում էին ինչպես Վրաց ուղղափառ եկեղեցին, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունները:

«Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն իրենց դեմոկրատական են հորջորջում, սակայն առանց որեւէ լուրջ հիմնավորման' դեմ էին արտահայտվում այդ օրենքին: Ընդդիմադիրները հիմնականում բողոքում էին օրենքի ընդունման ձեւից, թե իբր շուտ եղավ, առանց քննարկումների, սակայն զարմանալի է, որ արդեն 20 տարի է, ինչ Վրաստանն անկախ պետություն է, եւ կարծես' երբեւէ չէին քննարկել նման օրենքի ընդունման հարցը»,– ավելացրեց Կ.Մանոյանը:

0 comments: