Tuesday, June 14, 2011

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիան նոր քայլեր չի անի. ՀՅԴ

Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները որեւէ ազդեցություն չեն ունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 14-ին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չունի այլեւս նախկին մեծ ազդեցությունը, քանի որ վերջին ընտրությունների ժամանակ խորհրդարանական մանդատների կորուստ ունեցավ:

Մանոյանի խոսքով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի վարչապետ, խորհրդարանում մեծամասնություն ստացած Էրդողանը նոր քայլեր չի անի, ինչի մասին նա արդեն հայտարարել է հրապարակավ:

«Թուրքիայի օրակարգում այսօր այլ առաջնահերթ հարցեր ու խնդիրներ են դրված»,-հայտարարեց Մանոյանը՝ որպես այդպիսիք նշելով Nabucco-ի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը, որին Թուրքիայի «փոքր եղբայր» Ադրբեջանը, որպես էներգետիկ մատակարար, չի միացել ու այդ հանգամանքն օգտագործելու է Թուրքիայի դեմ:

Թուրքիայի խնդիրների օրակարգում դաշնակցական գործիչը նշեց նաեւ այդ երկրի աշխարհաքաղաքական պլանները մասնավորապես Մերձավոր Արեւելքում: «Էրդողանն իր ելույթներում հաստատեց, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները ազդեցություն կունենան Բալկաններից մինչեւ Մերձավոր Արեւելք՝ Պաղեստին: Մեզ համար մտահոգիչ է Սիրիայի իրավիճակը, քանի որ Թուրքիան մարդասիրական նկատառումներով կմտնի Սիրիա՝ իր ներկայությունը հաստատելով այդտեղ»,-նշեց Մանոյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարին՝ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն նշեց, որ այդ ուղղությամբ տեղաշարժեր եւս չեն արձանագրվի: Նա մեջբերեց Թուրքիայում ընթացող քննարկումները, թե հնարավոր է տեղի ունենա հայ-թուրքական արձանագրությունների մասնակի վավերացում՝ վավերացվի միայն Հայաստան-թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրությունը: Սակայն դա, ըստ Մանոյանի, անիրատեսական է, քանի որ արձանագրությունները տրամաբանորեն կապված են միմյանց եւ մեկը մյուսի շարունակությունն են: «Այնպես որ, Հայաստանը պետք է օր առաջ ետ կանչի իր ստորագրությունը այդ փաստաթղթերի տակից, քանի որ դրանք մեզ՝ ՀՅԴ-ի համար որպես փաստ[աթուղթ] ընդհանրապես անընդունելի են»,-ասաց Մանոյանը:

NEWS.am

0 comments: